Թուրքական զորքերը ռմբակոծել են Սիրիայում խաղաղ բնակավայրերը․ կան վիրավորներ
Tuesday, April 20, 2021Թուրքական զորքերի ու Անկարայի ենթակայության ներքո գործող վարձու զինյալների հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի Ռաքքա բնակավայրից հյուսիս տեղակայված խաղաղ բնակավայրերը։
Սիրիական SANA գործակալության հաղորդմամբ՝ կրակոցների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ կան։
Գործակալության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ բնակավայրերը ռմբակոծվել են թուրքական զորքերի ու Անկարային ենթակա ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայրերից՝ Թուրքիայի հետ սահմանի մոտերքից։
Առավել շատ տուժել են Այն-Իսա շրջանի Սեյդա բնակավայրն ու այնտեղ տանող ճանապարհները։ Տարածաշրջանի բնակելի տներին լուրջ վնաս է հասցվել, ընդգծում է գործակալությունը։
Անցյալ տարվա դեկտեմբերին ռազմական գործողությունները վերսկսվեցին Այն-Իսա քաղաքի շրջակայքում, որը գտնվում է Հալեպ-Ղամիշլի ռազմավարական մայրուղու հարեւանությամբ:
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) կոալիցիայի քուրդ մարտիկները հետ են մղել Անկարայի աջակցությունը վայելող աշխարհազորայինների մի քանի գրոհները:
SDF-ի հրամանատարությունը հրաժարվել է դուրս բերել իր զորքերը Այն-Իսայից և դրա շրջակայքից: