ԱՄՆ-ի վերջին օրերի զանգվածային ցույցերն ու բռնության ալիքը մտահոգություն են առաջացրել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տեասնկյունից, քանի որ կարող են հանգեցնել երկրորդ ալիքի տարածմանը: Սպիտակ տան այս հարցով հանձնախումբն ընդգծում է թեստավորման իրականացման կարևորորությունը, որի միջոցով խաղաղ ցուցարարը կարող է տեղեկանալ, թե արդյոք վարակված է կորոնավիրուսով, թե ոչ:
Այսօր ԱՄՆ-ում համավարակից մահացել է արդեն ավելի քան 106 հազար մարդ, որոնց շոշափելի հատված են կազմում աֆրոամերիկացիներն ու լատինամերիկացիները:
Իսկ նահանգներում շարունակվում է վերաբացման գործընթացը: Տեղական իշխանությունների համար կարևոր հարցերից է, թե ինչպիսի աջակցություն ակնկալել դաշնային իշխանություններից: Կոլորադոյի նահանգապետն ընդգծում է այս հարցում հստակության կարևորությունը, որպեսզի նահանգը կարողանա ուղղել իր մոտ եղած միջոցները մնացած բացերը փակելու ուղղությամբ:
Վերաբացման գործընթացը սակայն բարձրացնում է բազմաթիվ խնդիրներ: Արքանզաս հանագի նահանգապետ Ասա Հաթչինսոնի կարծիքով համավարակի երկրորդ ալիքի դեպքում անհնար է լինելու կրկին փակել նահանգը, ուստի նա կոչ է անում կառավարելի դարձնել վտանգը սոցիալական հեռավորության, թեստերի ու այլ հատուկ միջոցների կիրառմամբ մինչև չստեղծվի պատվաստանյութը:
Համավարակի հետևանքով նահանգները կրել են խոշոր տնտեսական վնասներ: Այսօր ԱՄՆ-ում շուրջ 40 միլիոն մարդ գրանցվել է գործազրկության նպաստ ստանալու համար: Դեմոկրատները կարծում են, որ անհրաժեշտ է խրախուսման նոր փաթեթ:
Այս ուղղությամբ սակայն դեռևս չկա փոխըմբռնում: Հանրապետականների կարծիքով անհրաժեշտ է դեռևս ուսումնասիրել առաջին խրախուսման փաթեթի արդյունքները, և հանրապետականները ծրագրում են անդրադառնալ օգնության նոր փաթեթին միայն հուլիս ամսին:
https://www.amerikayidzayn.com/a/5447903.html