Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյան
Monday, November 25, 2019«Օրինակ, Եվրոպայի Լիգայի եզրափակչին, որը տեղի ունեցավ անցյալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ «Արսենալի», իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել: Ինչո՞ւ: Որովհետև նրա հայկական ազգանունը մեծ խնդիր է Ադրբեջանում: Նրա ազգանունով վերնաշապիկներ հագած եվրոպացի երկրպագուները կանգնեցվել են ոստիկանության կողմից: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի քաղաքացի մի վարորդ ձերբակալվել է միայն այն բանի համար, որ լսում էր հայ երաժշտի ստեղծագործություն հանդիսացող մի երգ: Իսկ անցյալ տարի մենք ունեցել ենք դեպքեր, երբ Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի քաղաքացներ հանդիսացող անձանց թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջան, քանի որ նրանց ազգանունները նման էին հայկական ազգանունների: Ինչպե՞ս է այս իրավիճակը առնչվում Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականության հետ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: «Corriere della Sera»-ը նշել է, որ Ադրբեջանը հայերին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի համար ռազմական ագրեսիայի մեջ և պնդում է, որ ՀՀ վարչապետն առանձնահատուկ կոշտ է: Այս դիտարկմանը ՀՀ վարչապետն արձագանքել է՝ վերհիշելով հայ սպա Գուրգեն Մարգայանի սպանությունը:
«Հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնի հարվածներով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ գտնվում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով: Այդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտվելուց մի քանի տարի անց ադրբեջանցի սպան արտահանձնվեց իր երկիր: Հայրենիքում նա ընդունվեց որպես ազգային հերոս, նրան ներում շնորհվեց նախագահ Իլհամ Ալիևի կողմից, նա ստացավ պաշտոնի բարձրացում և ապահովվեց Բաքվում բնակարանով»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Այն դիտարկմանը, թե պատմության և դրա անգամ սարսափելի հետևանքների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի գնահատականները տարբերվում են, ՀՀ վարչապետը նշել է, որ առկա է հակամարտություն, և այն պետք է լուծվի:
«Երբ ես դարձա վարչապետ, մի բանաձև առաջարկեցի: Ես ասացի, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես միակ հայ ղեկավարն եմ, ով նման բան է հայտարարել: Իմ երկրում ես ծանր քննադատությունների արժանացա: Շատերն ասացին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ղեկավարը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի մասին: Որևէ լուծում կարող է կայուն լինել, եթե հաշվի են առնվել հակամարտության երեք կողմերը: Ես հույս ունեի, որ նախագահ Ալիևը իմ հայտարարությանը նման հայտարարությամբ հանդես կգա: Մեկ տարուց ավելի է՝ սպասում եմ, բայց դեռևս լուր չունեմ այդ մասին: Եթե դա տեղի ունենա, մենք իրական առաջընթաց կունենանք բանակցություններում: Հուսով եմ, որ եվրոպացի գործընկերներն ու Մինսկի խմբի համանախագահները կխրախուսեն Ալիևին՝ ընդունել այս բանաձևը. Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես կհասկանայի, եթե Ադրբեջանի նախագահը նախ և առաջ նշեր Ադրբեջանի ժողովրդին: Ընդունելի կլիներ»,-հավելել է նա:
https://armenpress.am/arm/news/996523.html