Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Thursday, May 2, 2019Ամսիներ առաջ հայտնի դարձավ, որ կառավարության նոր կառուցվածքում սփյուռքի նախարարությունը կդադարի գոյություն ունենալ։ Նախարարության փոխարեն վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը և նրա անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր ստեղծվող պաշտոնի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` սփյուռքի հարցերով զբաղվող պաշտոնյան չպետք է լինի նախարար, ով պարտականություններ ունի հենց երկրի ներսում: Այդ հարցերով զբաղվող պաշտոնյան պետք է հաճախակի ու երկար ժամանակով լինի արտերկրում, շփվի հայ համայնքի հետ:
Օրերս Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեր զրուցակցին (հասկանալի պատճառներով անունը չենք կարող ներկայացնել) հարցրինք, թե ինչպե՞ս է կարողանալու գլխավոր հանձնակատարը զբաղվել աշխարհասփյուռ հայերի հարցերով, և կա՞ն արդյոք թեկնածուներ։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ գլխավոր հանձնակատարը կարողանալու է հավուր պատշաճի զբաղվել սփյուռքի խնդիրներով։ Ըստ նրա` Փաշինյանը որոշել է այդ պաշտոնը վստահել ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին։
http://politik.am/glendeli-nakhkin-qaxaqapet-zareh-sinanyany-knshanakvi-spyurqi-gortseri-glkhavor-handznakatar