Բեյրութի հայ համայնքի ներկայացուցիչները պատահականություն չեն համարում քաղաքում հրդեհների դեպքերը
Tuesday, September 15, 2020Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեկ ամսում տեղի ունեցած հրդեհներն ու պայթյունը հայ համայնքի ներկայացուցիչները պատահականություն չեն համարում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, անդրադառնալով սեպտեմբերի 15-ին Բեյրութի կենտրոնում կառուցվող առեւտրային համալիրում բռնկված հրդեհին, նշեց, որ դեռ պարզ չի, թե ինչից է բռնկվել հրդեհը:
«Այստեղ, բարեբախտաբար, պայթյուն չի եղել, սակայն այս օրերին իրար հաջորդող նման պատահարները շատ վատ տրամադրություններ են ստեղծում: Մեկ ամիս առաջ տեղի ունեցած պայթյունից հետո, այս հրդեհները կասկածի տեղիք են տալիս, մի փոքր էլ խուճապային ու բարոյահոգեբանական ծանր իրավիճակ է ստեղծվում»,- նշեց Գանտահարյանը և հավելեց, որ բարեբախտաբար, տուժածներ չկան:
«Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն էլ հայտնեց, որ այս բոլոր դեպքերը պատահականություն համարելը պարզամտություն է: «Մեկ ամսում 3 դեպք գրանցվեց Բեյրութում՝ պայթյուն նավահանգստում, ապա հրդեհ կրկին նավահանգստում և այժմ էլ հրդեհ նոր կառուցվող առևտրի կենտրոնում: Դեռևս չեն հայտնում, թե հրդեհի պատճառն ինչ է եղել, սակայն կարծում եմ, որ այս ամենը կատարվում է ընդհանուր ճնշման մթնոլորտում»,- նշեց Հակոբյանը:
Նոր կառուցվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն արդեն մարվել է:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն: Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել էին բազմաթիվ տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց է անօթևան: Զոհվել է 190 մարդ, տուժել 6,5 հազարը:
Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում:
Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում գտնվող ավտոդողերի և վառելիքաքսուքային նյութերի պահեստում կրկին հրդեհ էր բռնկվել, տուժածներ չեն եղել:
https://armenpress.am/arm/news/1027700.html