Բայդընի նախագահական օրակարգի իրականացումը կախված է հունվարի 5-ի ընտրություններից
Tuesday, November 17, 2020ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընն ասում է, թե մինչեւ հունվարի 20-ի երդմնակալության օրը անցումային ժամանակաշրջանը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մերժվելու փաստը կարող է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում թողնել ծանր հետեւանքներ:
‘’Ավելի մեծաթիվ մարդիկ կարող են մահանալ, եթե հիմա մենք չհամակարգենք մեր աշխատանքները’’, հայտարարում է Բայդընը: Նա, մեկ անգամ եւս զգուշացնելով իր խոսքերով ասած ‘’շատ գորշ ձմռան’’ մասին, կոչ է անում, որ Կոնգրեսն ընդունի Առողջապահության եւ տնտեսական վերականգնման ակտը, ըստ որի առաջարկվում է 3 տրիլիոն դոլար’ տնտեսությանը զարկ տալու նպատակով:
‘’Այն փաստը, որ նախագահն այս պահին գոլֆ է խաղում ու ոչինչ չի անում այս ուղղությամբ, պարզապես հեռու է բացատրությունից’’, ասել է Բայդընը, ում խոսքերով, շուտով ավարտվելու են գործազրկության նպաստները, եւս 20 միլիոն ամերիկացիներ կանգնած են իրենց անշարժ գույքը կորցնելու վտանգի առջեւ, մեծաթիվ մարդիկ չեն կարողանում վճարել տնային վարձը:
Իսկ ահա Դոնալդ Թրամփը հանդես է գալիս կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի մասին հայտարարությամբ, ինչի արդյունքում դրամական շուկաներում գրանցվում է արժեթղթերի գների աճ: ‘’Հիշե՛ք, որ չինական այս ժանտախտը վերացնելու համար բոլոր հայտնագործություններն իրականություն են դարձել իմ ղեկավարության ներքո’’, Թվիթերում գրառում է կատարել Թրամփը:
Փորձագետները հիշեցնում են, որ ամբողջ Ամերիկայում զանգվածային պատվաստումներ իրականացնելու համար կպահանջվեն ամիսներ, երկիր, որտեղ այս հիվանդությունից մինչ այժմ մահացել է ավելի քան 250 հազար մարդ:
Տնտեսությունը վերականգնելու Բայդընի կարողությունը կախված է այն հանգամանքից, թե արդյոք Սենատում դեմոկրատները կկարողանան հաստատել հավասարակշռություն, թե ոչ:
Հարցն այն է, որ հանրապետականները վերցրել են Սենատի 100 տեղերից արդեն իսկ 50-ը: Եվ եթե նրանց հաջողվի վերցնել մնացյալ երկու կամ նույնիսկ մեկ տեղը, նրանք կշարունակեն պահպանել իրենց մեծամասնությունը Կոնգրեսի վերին պալատում, ինչը կարող է եկող երկու տարիներին սահմանափակել իր ծրագրերն առաջ տանելու Բայդընի հնարավորությունները:
Այնպես որ հիմա ուշադրությունը հունվարի 5-ին Ջորջիա նահանգում անցկացվելիք ընտրությունների երկրորդ փուլի վրա է: Այստեղ է որոշվելու այն հարցը հանրապետականները կկազմեն մեծամասնություն, թե կհաստատվի աթոռների հավասար բաժանում` 50-ը 50-ի դիմաց:
https://www.amerikayidzayn.com/a/5666139.html