Արդարադատությունը չափազանց կարևոր է մեր երկրի համար. Փաշինյանը՝ ՔԿ ծառայողի օրվա հանդիսավոր նիստին
Tuesday, October 8, 2019ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողներին կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է.
«Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Վարչապետին ենթակա մարմինների հարգելի ղեկավարներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,
Հատուկ քննչական ծառայության հարգելի պետ,
Մարդու իրավունքների պաշտպան,
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Բելառուսի Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,
Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,
Հարգելի հյուրեր,
շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ և ուզում եմ արձանագրել, որ այս դահլիճում ամեն անգամ, երբ տեղի է ունենում խոսակցություն՝ տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո, այդ ողջ խոսակցության համատեքստը, ենթատեքստը, բովանդակությունը կապվում է արդարության հետ, արդարադատության հետ, որը չափազանց կարևոր է մեր երկրի համար։
Ընդհանրապես, երբ մենք վերլուծել ենք և վերլուծում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած երևի ամենացավալի երևույթը՝ արտագաղթը, շատ լուրջ վելուծություններ կան, որ արտագաղթը չի կապվում ուղղակի սոցիալական իրավիճակի հետ: Ես համաձայն եմ այդ վերլուծության հետ, որ շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան անարդարության մթնոլորտի պատճառով, որքան այն պատճառով, որ իրենք իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև իրավունքի տեսակետից, արժանապատվության տեսակետից, ընդհանրապես քաղաքացիական համակեցության կանոններին իրենց հասանելիության տեսակետից:
Եվ ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն և ընդհանրապես իրավապահ մարմինները այս հիմնական առաքելությունն ունեն՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ, արդարության զգացում և մթնոլորտ հաստատել: Եվ այս կապակցությամբ կարծում եմ, որ Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեք, եթե կարելի է ասել, հավատների վրա:
Առաջինը Քննչական կոմիտեի աշխատողների և, իհարկե, քննիչների ղեկավար կազմի անկեղծ հավատն է օրինականության, օրենքի գերակայության և արդարության սկզբունքների նկատմամբ, որովհետև եթե քննիչը և Քննչական կոմիտեն ընդհանուր առմամբ անկեղծորեն հավատացած չլինի և նվիրված չլինի այս արժեքներին, օրենքի և օրինականության մասին խոսակցություններն իմաստ չեն ունենա։
Երրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն է ընդհանրապես իրավապահ մարմինների, և մասնավորապես Քննչական կոմիտեի, նրա յուրաքանչյուր քննիչի, նրա ղեկավարության և ընդհանրապես այդ մարմնի գործունեության նկատմամբ:
Տոնական այս օրն ուզում եմ հենց Քննչական կոմիտեին, նրա բոլոր աշխատողներին մաղթել, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի համակվեն այս երեք հավատներով, իրենք իրենց մեջ կարողանան պահպանել, ամրացնել, ստեղծել այդ հավատը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել իրենց գործունեության և իրենց առաքելության նկատմամբ: Եվ ահա աշխատանքային մոտեցման այս կերպն է, որ շղթայական արդյունքներ կբերի մեր երկրին, մեր հայրենիքին, և նրա երկարաժամկետ, կայուն զարգացման հիմքը և անկյունաքարը կդնի:
Հայաստանի Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ քննչական մարմինն է, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95 տոկոսը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի: Եվ, իհարկե, զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի Քննչական կոմիտեի, քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ, այդ թվում՝ որոշակի կառուցակարգային նախնական որոշումներ ենք կայացրել, որոնք մեր համոզմամբ ավելի արդյունավետ են դարձնելու Քննչական կոմիտեի աշխատանքը, յուրաքանչյուր քննիչի աշխատանքը:
Իհարկե, մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ ինչպես Քննչական կոմիտեն պետք է կարողանա ապահովել երկրի իրավական անվտանգությունը կամ դրա մի շատ զգալի մասը, այնպես էլ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը հետևողականորեն առաջ տանի Քննչական կոմիտեի աշխատողների և ընդհանրապես իրավապահ համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը, որպեսզի նրանք քայլ առ քայլ համապատասխան լինեն այն պահանջներին և պայմաններին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության հանրությունը և ժողովուրդն առաջադրում են Քննչական կոմիտեին և ընդհանրապես իրավապահ մարմիններին:
Հարգելի ներկաներ,
Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,
կրկին ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ այս մասնագիտական տոնի առիթով: Ուզում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքների անդամներին, ովքեր հանդուրժում են ձեր ծանրաբեռնված, երբեմն շուրջօրյա աշխատանքը: Այսօր Քննչական կոմիտեի քննիչները, նաև Հատուկ քննչական ծառայության քննիչները, մեր երկրի բոլոր քննիչներն աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում: Իհարկե, այս աշխատանքային պայմանների ծանրությունն առաջին հերթին զգում են նրանց ընտանիքի անդամները, այս տոնը, կարծում եմ, առաջին հերթին պետք է վերաբերի նրանց, և նրանց պիտի շնորհավորենք այսօրվա տոնի կապակցությամբ, չնայած այս շնորհավորանքի մեջ հասկանալի դառնության էլեմենտներ նույնպես կարող են լինել:
Բայց ուզում եմ ասել հետևյալը. եթե մենք այս ծանրաբեռնված աշխատանքն ի վիճակի լինենք տանել մինչև վերջ, այդ աշխատանքի մեջ լինենք սկզբունքային և արդարության, օրինականության, օրենքի գերակայության սկզբունքներին հավատարիմ, անպայման այդ աշխատանքը ետ է վերադառնալու շատ կոնկրետ արդյունքով։ Այդ արդյունքն ազատ և երջանիկ և հզոր այն հայրենիքն է, որում ապրելու են մեր և ձեր սերունդները: Սա ամենամեծ առաքելությունն է, որին կարելի է ծառայել անհոգնել։ Մաղթում եմ ձեզ մեծ ուժ, եռանդ, մաղթում եմ, որ երբեք չհոգնեք հայրենիքին և ժողովրդին ծառայելուց:
Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»։
Ելույթով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Քննչական կոմիտեի ծառայողներին պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանը, Արսեն Այվազյանը և Արտակ Կրկյաշարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։ Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը և ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հովհաննես Համբարյանն արժանացել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերի:
https://armenpress.am/arm/news/990986.html