Ուրբաթ երեկոյան Ատլանտայի ոստիկանության աշխատակիցները մոտեցել են 27-ամյա Ռեյշարդ Բրուքին, ով քնած էր իր ավտոմեքենայի մեջ ՝ արգելափակելով արագ սննդի ռեստորանի հաճախորդների ավտոմեքենաների ճանապարհը:
Երբ ոստիկանները փորձել են ձերբակալել Բրուքսին, նա դիմադրել է, ինչի արդյունքում կիրառվել է անհամաչափ ուժ: Դրանից հետո տեսախցիկներն արձանագրել են, որ ոստիկանները կրակել են Բրուքսի ուղղությամբ, ով փախչում էր նրանցից ու ոստիկանների ուղղությամբ էր պահել նրանցից խլած էլեկտրաշոկի սարքը:
Դեպքը ավարտվում է ողբերգությամբ. ոստիկանի արձակած գնդակը սպանում է Բրուքսին:
Ատլանտայի քաղաքապետ Քեյշա Լենս Բոթոմսը, անդրադառնալով մահացու միջադեպին, նշում է՝ անկախ ոստիկանության գործողությունների գնահատականից, անհրաժեշտ է տարանջատել գործողությանը դիմելու իրավունքը դրան դիմելու անհրաժեշտությունից: Ըստ քաղաքապետի, այս դեպքում զենք կիրառելու անհրաժեշտություն չկար:
Մեկ օր անց ձգանը քաշած ոստիկանն ու Ատլանտայի ոստիկանապետը հրաժարական տվեցին, իսկ արագ սննդի ռեստորանը, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը, հրդեհվեց ցուցարարների կողմից, քանի որ Բրուքի մահը հանգեցրեց հուզումների նոր ալիքի ու անկարգությունների Ատլանտայի փողոցներում:
Վերջին շրջանի բողոքի ցույցերն արդիկանացրեցին ոստիկանության բարեփոխման հարցը՝ ճնշում գործադրելով ԱՄՆ օրենսդիրների վրա Վաշինգտոնում:
Հանրապետական սենատոր Ջեյմս Լանքֆորդը Օկլահոմայից հայտարարել է, որ կողմ է ոստիկանության կողմից խեղդող հնարքներ կիրառելու արգելքին:
Վաշինգտոնում օրենսդիրների քննարկումներին զուգահեռ, մի շարք նահանգներ արդեն ընդունել են ոստիկանության վերաբերյալ բարեփոխումների օրինագծեր ի պատասխան բողոքի ցույցերի, որոնք վերջին շրջանում ամերիկյան և համաշխարհային մամուլի առաջին էջերում էին:
https://www.amerikayidzayn.com/a/5463656.html