Աշխարհում 125 ծրագրեր ջանք չեն խնայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքներում
Thursday, June 11, 2020Աշխարհում այս պահին գիտնականներն ու հետազոտողներն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ավելի քան 125 ծրագրերի վրա: Պատվաստանյութեր ստեղծելու համար սովորաբար պահանջվում են տարիներ, ինչպես նաեւ երկար ժամանակ կլինիկական փորձերի համար: Սակայն գիտնականները հույս ունեն, որ չափազանց մեծ վտանգ պարունակող այս վարակի դեմ չափազանց մեծ աշխատանքների արդյունքում պատվաստանյութը պատրաստ կլինի մինչեւ եկող տարի:
Մինչեւ պատվաստանյութի վերջնական հաստատումը, այն պետք է անցնի երեք փուլ: Սակայն կորոնավիրուսի վտանգի պատճառով առաջին վաղ փուլերը համատեղվել են, որպեսզի գործընթացն արագանա: Որոշ պատվաստանյութեր այժմ գտնվում են առաջին եւ երկրորդ փորձարկումների փուլում, այն փուլում, երբ դրանք փորձարկվում են հարյուրավոր մարդկանց վրա:
ԱՄՆ-ի կառավարության ‘’Կորագծի արագության գործողություն’’ անվանումը ստացած ծրագիրն ընտրել է պատվաստանյութերի հինգ նախագիծ, որոնց դաշնային բյուջեից հատկացնում է միլիարդավոր դոլարներ պատվաստանյութի հայտնաբերման աշխատանքներն իրականացնելու համար:
Աշխատանքները սկսվել են հունվար ամսին`SARS-CoV-2 գենոմի վերծանմամբ: Պատվաստանյութի անվտանգության հետ կապված առաջին փորձերն իրականացվել են մարտին, սակայն ճանապարհին անորոշությունները շատ են: Որոշ փորձարկումներ ձախողվում են, մյուսները տալիս են ոչ հստակ պատասխան: Հույսն այն է, որ դրանց մի մասը կարող են ամրացնել մարդու իմունային համակարգը, ինչը թույլ կտա օրգանիզմին արտադրելու համար այս վիրուսի դեմ արդյունավետ հակամարմիններ:
Որեւէ պատվաստանյութ ստեղծելուց հետո գիտնականներն այն տալիս են կենդանիներին, ինչպես օրինակ` մկներին կամ կապիկներին, տեսնելու համար, թե այն ազդում է արդյոք իմունային համակարգի վրա: Առաջին փուլի անվտանգության փորձարկումների ժամանակ այն տրվում է փոքր թվով մարդկանց խմբի, փորձելու համար դրա անվտանգությունն ու որոշելու չափաբաժինը, ինչպես նաեւ հասկանալու համար, թե այն որքան է ամրապնդում իմունային համակարգը:
Երկրորդ փուլի ընդարձակված փորձարկումների ժամանակ գիտնականները պատվաստանյութը տալիս են հարյուրավոր մարդկանց, նրանց բաժանելով մի քանի խմբերի: Օրինակ մի խմբում կարող են լինել երեխաները, մյուսում` տարեցները, քանի որ հարկավոր է հասկանալ, թե արդյոք այն տարբեր ազդեցություն չի գործում տարիքային տարբեր խմբերի մարդկանց վրա:
Ի դեպ, որոշ դեպքերում, գործընթացն արագացնելու նպատակով, համատեղվում են առաջին եւ երկրորդ փուլերը, եւ այն փորձարկվում է միաժամանակ ե՛ւ կենդանիների ե՛ւ մարդկանց վրա:
Երրորդ փուլի ժամանակ պատվաստանյութը տրվում է հազարավոր մարդկանց: Դրանից հետո հարկավոր է սպասել, տեսնելու համար, թե արդյոք նրանց շրջանում ավելի ուշ որոշ մարդիկ չեն վարակվում այդ հիվանդությամբ: Այս փուլում է, որ փորձարկումները տալիս են վերջնական պատասխան` այն կարող է մարդուն պաշտպանել կորոնավիրուսից, թե ոչ:
Հաստատման փուլում յուրաքանչյուր երկրի համապատասխան մարմինները ստուգում են փորձարկման արդյունքները, եւ կայացնում որոշում իրենց երկրներում այն թույլատրելու, կամ չթույլատրելու մասին: Սակայն նման արագ տարածվող համաճարակների դեպքում պատվաստանյութը կարող է ստանալ արագ թույլտվության իրավունք:
Ոչ քիչ կարեւոր տեղ են զբաղեցնում գենետիկական պատվաստանյութերը, նրանք, որոնք, օգտագործելով կորոնավիրուսի գեներից մեկը կամ երկուսը, ամրապնդում են օրգանիզմի իմունային համակարգը:
Նուբար Աֆեյանի գլխավորած Մոդերնա ընկերության պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսվելու է հուլիս ամսին: Ընկերությունը հույս ունի , որ պատվաստանյութը վերջնականապես պատրաստ կլինի 2021 թվականի սկզբին:
Իր պատվաստանյութը զարգացնելու նպատակով գերմանական BioNTech ընկերությունը սկսել է համագործակցել Նյու Յորքում գործող Pfizer ընկերության, ինչպես նաեւ` չինական դեղագործական Fosun Pharma ընկերության հետ: Pfizer-ը, որը մայիսին է իրականացրել փորձեր մարդկանց շրջանում, հյուս ունի մի քանի միլիոն չափաբաժին ստանալ արդեն աշնանը փորձարկելու համար:
Մայիս ամսին ամերիկյան Inovio ընկերությունը հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է ԴՆԹ-ի վրա հիմնված իր պատվաստանյութը հակամարմիններ արտադրում մկների օրգանիզմում: Անվտանգության փորձարկումներ են այժմ մարդկանց շրջանում սկսվել ԱՄՆ-ում: Հունիս ամսի վերջից փորձեր կանցկացվեն նաեւ Հարավային Կորեայում:
Լոնդոնի Imperial College-ի հետազոտողների խումբը ստեղծել է ինքն իրեն ուժեղացնող պատվաստանյութ, որն ավելացնում վիրուսային սպիտակուցների թիվը, որպեսզի ուժեղացվի իմունային համակարգը: Հունիսի 15-ին հաստատությունը սկսելու է փորձեր կենդանիների ու մարդկանց վրա միաժամանակ:
Դոնալդ Թրամփի վարչակազմը մարտ ամսին փորձեց Curevac ընկերությանը խրախուսել իր հետազոտությունները տեղափոխել Գերմանիայից Միացյալ Նահանգներ: Ընկերությունը դեռեւս փորձարկումներ չի իրականացրել մարդկանց շրջանում, սակայն կատաղության դեմ կիրառվող այս պատվաստանյութն առաջին փուլի փորձերը սկսել է դեռեւս հունվար ամսին: Ընկերությունը հայտնում է, որ հաստատվելու դեպքում ամեն տարի կարող է արտադրել մի քանի հարյուր միլիոն չափաբաժին պատվաստանյութ:
Այժմ այն պատվաստանյութերի մասին, որոնք օգտագործում են ինչ որ այլ վիրուս` կորոնավիրուսի գեները բջիջների մեջ փոխադրելու համար, որպեսզի այսպիսով զարկ տրվի օրգանիզմի իմունային համակարգին:
Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը, որը դեռեւս զարգացման փուլում է, հիմնված է շիմպանզեների ադենովիրուսի վրա, որը հայտնի է ChAdOx1 անվամբ: Պատվաստանյութն անցել է առաջին փուլը եւ սկսում է երկրորդ ու երրորդ փուլերը միաժամանակ: Փորձերն իրականացվում են Անգլիայում ու Բրազիլիայում: Օգտվելով ԱՄՆ-ի Կորագծային արագություն գործողության աջակցությունից, այն կարող է պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալ հոկտեմբերին:
Չինական CanSino Biologics-ը փորձարկում է մի պատվաստանյութ, որը հիմնված է Ad5 անվանումը կրող ադենավիրուսի վրա:
Բոստոնում գործող Beth Israel Deaconess Medical Center անվանում կրող կենտրոնում էլ գիտնականները փորձարկում են Ad26 անվանումը կրող ադենավիրուսի վրա հիմնված պատվաստանյութը կապիկների վրա: Johnson & Johnson ընկերությունը, որը ստանում է Կորագծային արագություն գործողության աջակցությունը, վերջերս հայտարարեց, որ փորձարկումների առաջին ու երկրորդ փուլերը կսկսի հուլիսի վերջին:
Կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծելու աշխատանքներին են լծվել նաեւ շվեյցարական Novartis եւ ամերիկյան Merck ընկերությունները:
Սպիտակուցների վրա հիմնված պատվաստանյութերի նպատակն է կորոնավիրուսի սպիտակուցների միջոցով իմունային համակարգն ուժեղացնելը:
Այս ուղղությամբ աշխատող ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Novavax ընկերությունը սկսել է փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը եւ ստացել 384 միլիոն դոլարի ներդրումներ:
Նույն եղանակով է ուսումնասիրություններն իրականացնում Clover Biopharmaceuticals-ը:
Փիթսբուրգի համալսարանի գիտնականներն աշխատում են PittCoVacc անվանումը կրող պատվաստանյութի վրա: Այս եղանակի համաձայն, շաքարից պատրաստված 400 փոքր ասեղներ են տեղադրվում մաշկի վրա, որոնք ձուլվելով, արտադրում են վիրուսային սպիտակուցներ մարդու օրգանիզմում:
Ֆրանսիական Sanofi ընկերությունը պատրաստվում է ստանալ վիրուսային սպիտակուցներ, օգտագործելով միջատների բջիջներում արհեստական կերպով ստեղծված վիրուսները: Նպատակն այդ եղանակով իմունային համակարգն ամրապնդելն է: Եթե փորձերը տան դրական պատասխան, ընկերությունն ամեն տարի կարող է արտադրել առնվազն 600 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:
Vaxart-ի պատվաստանյութն իրենից ներկայացնում է դեղահաբ, որն ընդգրկում է վիրուսային մի շարք սպիտակուցներ: Ամերիկյան այս ընկերությունը պատրաստվում է առաջին փուլն իրականացնել այս ամռան ընթացքում:
Կա նաեւ պատվաստանյութի տեսակ, որն օգտագործում է թուլացված կամ ակտիվությունից զրկված կորոնավիրուս, իմունային համակարգը բարելավելու նպատակով: Նման պատվաստանյութ ստեղծելու աշխատաքներ են իրականացնում չինական Sinovac Biotech, Sinopharm , Medical Biology ընկերությունները:
Վերջին տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունը կֆինանսավորի փորձնական երեք պատվաստանյութերի ստեղծման աշխատանքները: Ինչպես երկրի վարակիչ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ավագ փորձագետ Էնթոնի Ֆաուչին է ասել, երրորդ փուլի փորձարկումները, այսինքն, երբ պատվաստանյութի փորձերին մասնակցում են հազարավոր մարդիկ, կսկսվեն հուլիս ամսին Նուբար Աֆեյանի ղեկավարած ‘’Մոդերնա’’, օգոստոսին` Oxford/AstraZeneca, սեպտեմբերին` Johnson & Johnson ընկերությունների կողմից:
https://www.amerikayidzayn.com/a/5457591.html