ԱՄՆ-ի հայ երիտասարդները հավաքվել էին Վաշինգտոնում
Friday, March 15, 2019Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ավարտվեց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կազմակերպած երիտասարդ առաջնորդների եռօրյա հավաքը, որի ընթացքում հայազգի երիտասարդները ծանոթացան Վաշինգտոնում աշխատելու հեռանկարներին: Հավաքի նպատակն է՝քոլեջների եւ բուհերի ուսանողների մոտ առաջ բերել հետաքրքրություն Վաշինգտոնի նկատմամբ, նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը.
«Մենք ունենք երիտասարդ հայերին Վաշինգտոնում աշխատանք գտնելու հարցում աջակցելու ավելի քան տասնամյա փորձ»:
Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակն իր ծրագրերի միջոցով հայ երիտասարդներին Վաշինգտոնում սկզբնական շրջանում տրամադրում է նաեւ անվճար կացարան եւ հոգում սննդի ծախսերը: Ծրագրի մասնակից Անի Կարապետյանի խոսքով, ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում երիտասարդներին.
«Հայ մասնագետները եւ շրջանավարտները աջակցություն են ստանում Վաշինգտոնում աշխատանք գտնելու համար եւ դրա հետ մեկտեղ ծրագիրը հնարավորություն է տալիս հայերին ներգրավվելու ազգային խնդիրների մեջ եւ ազգային խնդիրներն առաջ տանելու Միացյալ Նահանգների մայրաքաղաքում»:
Վաշինգտոնում աշխատող երիտասարդ հայ մասնագետներով հզորանում է նաեւ Հայաստանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն անցած ծրագրի եզրափակիչ միջոցառմանը հայտարարեց Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը: Նոր Հայաստանը ձեր կարիքն ունի եւ Ամերիկայի հայ համայնքը կամուրջ է երկու պետությունների միջեւ, նշեց նա.
«Հայ-ամերիկյան հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի համար, հատկապես մեր երկրի համար այս կարեւորագույն շրջանում: Մեր անկախացումից հետո անցած 27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդավարացման ամուր աջակիցն է եղել»:
Միջոցառմանը մասնակցելու համար Բոստոնից Վաշինգտոն ժամանած միջազգային հարաբերությունների ուսանող Գայանե Խալիկյանն աշխատում է ԱՄՆ-ում հիմնադրված «քույրիկներ» կայքում, որի նպատակն է աջակցել հայ կանանց իրավունքների պաշտպանությանը:
«Հայ նկարիչների արվեստի գործերի օգնությամբ մենք փորձում ենք տարածել կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր ուղերձը: Դա մեր կարծիքով ավելի ազդեցիկ կարող է լինել»:
Նման տաղանդավոր հայ երիտասարդների բազմությունն իրոք տպավորիչ եւ ոգեշնչող է, նշում է հանրահայտ Politico հանդեսի խմբագիր Չարլի Մահթեսյանը.
«Ինձ նման մեկի համար շատ կարեւոր է տեսնել, որ հաջորդ սերունդը ոտքի է կանգնում, որ այն հավատարիմ է մեր արժեքներին եւ որ մեր գաղափարները փոխանցվում են վստահելի ձեռքերի»:
https://www.amerikayidzayn.com/a/4831197.html