«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների թիվը զգալի աճել է
Thursday, November 19, 2020Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների թիվը զգալի աճել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց` նվիրատուների քանակը հազարապատիկ աճել է:
«Այս պաին հաշվել ու նվիրատուների ճիշտ թիվ ներկայացնել ուղղակի անհնար է: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ում առնվազն 260 հազար մարդ է մասնակցել այս պրոցեսներին, Հայաստանի մասով ևս առնվազն այդքան: Եթե Հայաստանի sms հաղորդագրություններն էլ հաշվենք, ապա դա նշանակում է, որ Հայաստանում չափահաս բնակչությունը գրեթե ամբողջությամբ ներգրավված է եղել այս դրամահավաքին: Այստեղ մի կարևոր փաստ, որ ոչ միայն Սփյուռքում հավաքագրվեցին գումարներ, այլ այս 170 մլն-ի շատ լուրջ հատվածը` 60-70 մլն դոլարը հավաքագրվել է Հայաստանում»,-ասաց նա:
Հայկակ Արշամյանը նշեց, որ այս դրամահավաքն ինքնին աննախադեպ է, սա համայն հայության հաջողությունն է: Հայությունն ամբողջովին նեգրավված է եղել այս գործում, դրա համար, Հայկակ Արշամյանի խոսքով, այն անվանեցին համահայկական շարժում: Պատերազմի օրերին համայն հայ ժողովուրդը համախմբվեց ուղղակի մեկ նպատակի շուրջ՝ օգնել Հայաստանին և Արցախին այս արհավիրքի ժամանակ:
«Հավաքագրված գումարից դեռ շատ լուրջ հատված ունենք մեր հաշիվներին: Մեր տեղական մարմինները, որոնք մինչև հիմա էլ շարունակում են դրահամավաքը, իրենց հաշիվներին էլ գումարներ ունեն: Առցանց նվիրատվությունները նույնպես շարունակվում են»,-ասաց նա:
Հիմնադրամի գործադիր տնօրենը կարևորեց ամսական նվիրատվությունների ձևաչափը: Նրա խոսքով, այդ դեպքում նվիրատվությունների հոսքը կանխատեսելի կլինի և դրա հիման վրա էլ կկազմվեն առաջիկա ծրագրերը:
«Երբ հայտարարեցինք ամսական նվիրատվությունների մասին, մեկ շաբաթ հետո 2 հազարից ավելի մարդ առցանց միացան ամսական նվիրատվություններին, ինչը շատ կարևոր է: Եթե ամսական նվիրատվություններ լինեն, ապա հիմնադրամը կունենա կանխատեսում, թե 5 ամիս, 10 ամիս հետո որքան գումար կունենա: Կկազմենք 5 մլն դոլարի ծրագիր, այլ ոչ թե 10 մլն-ի համար: Մեր ուժերը չենք գերագնահատի կամ չենք թերագնահատի»,-հավելեց նա:
https://armenpress.am/arm/news/1035367.html